Եվրոպայի որոշ տարածաշրջաններում միջատների քանակը վերջին 10 տարում մեկ երրորդով նվազել Է

16:59, 31 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի որոշ աշխարհաշրջաններում միջատների թվաքանակը կրճատվում Է ավելի արագ, քան նախկինում համարվում Էր: Մասնավորապես, Գերմանիայում վերջին 10 տարում դրանց տեսակների թիվը շատ վայրերում, օրինակ` մարգագետիններում եւ անտառային զանգվածներում, նվազել Է գրեթե մեկ երրորդով: Այս արդյունքին են հանգել գիտնականները, որոնց եզրակացությունները հրապարակել Է Nature գիտական հանդեսը: Այդ մասին հակիրճ հաղորդել Է Շվեյցարիայի Անտառի, ձյան եւ լանդշաֆտի դաշնային գիտահետազոտական ինստիտուտի (WSL) մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականներն ավելի քան մեկ միլիոն միջատ (շուրջ 2700 տեսակ) են հավաքել Գերմանայի Բրանդենբուրգի, Թյուրինգիայի եւ Բադեն Վյուրտեմբերգի երկրամասերի 300 շրջաններում: Նրանք ապացուցել են, որ շատ տեսակների թվաքանակը նվազում Է: Վերջին տարիներին հետազոտված որոշ շրջաններում միջատների տեսակների մի մասն ընդհանրապես չի հայտնվել: Թե՛ անտառներում եւ թե՛ մարգագետիններում փորձագետները մեկ երրորդով պակաս տեսակներ են հաշվել, քան 10 տարի առաջ:

Այդ գործընթացը վերաբերել Է ամենատարբեր բնույթի բուսականությամբ տեղամասերի. արոտավայրերի, մարգագետինների եւ նույնիսկ պահպանվող անտառների: «Ընդամենը 10 տարում այդքան ընդգրկուն կրճատումը մեզ համար լիակատար անակնկալ Է դարձել: Դա վախեցնող Է»,- ասել Է գիտական ծրագրի նախաձեռնողներից մեկը՝ Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Վոլֆգանգ Վայսերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am