Սևանա լճում մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք

13:20, 30 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացման նպատակով 2019 թվականին անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից, այս մասին նշված է Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված որոշման նախագծում:

Լճում մաքրման ենթակա է 909.5 հա ջրածածկ տարածք (2019թ․ մաքրվելիք տարածքը ներառյալ), որից 826 հեկտարը ճահճապատ և ջրածածկ տարածքներ են։ «Պայմանավորված Սևանա լճում տեղի ունեցող կենսաքիմիական պրոցեսներով, ինչի արդյունքում լիճը «ծաղկում» է, այդ տարածքների մաքրումը համարվում է հրատապ»,- նշված է նախագծում:

Վերջին տարիների ընթացքում Սևանա լճի  ջրի մակարդակի բարձրացման հետ կապված ջրի տակ են հայտնվել ափամերձ անտառածածկ տարածքները, որոնք խիստ բացասական ազդեցություն են ունենում լճի ջրի որակի և մաքրության վրա: Լճում հայտնված ցամաքային ծառաթփային բուսականության փտման արդյունքում առաջացած օրգանական նյութերը նպաստում են լճի էվտրոֆիկացման պրոցեսներին` արդյունքում առաջացնելով տոքսիկ օրգանական նյութեր: Դրանք գումարվելով ծառաթփային բույսերի փտման հետևանքով գոյացող տոքսիկ նյութերին  խիստ բացասական ազդեցություն  կունենա լճի կենդանական աշխարհի բնականոն զարգացման վրա` սկսած լճի էկոհամակարգի սննդային շղթայի բուրգի հիմքից` բենթոսից և պլանկտոնից,  ընդհուպ սննդային բուրգի գագաթը` արդյունագործական նշանակություն ունեցող ձկները և խեցգետինը, ինչպես նաև ջրլող թռչունները:

 


© 2009 ARMENPRESS.am