ԲԴԽ-ի և դատարանների բյուջեն կաճի 193 մլն դրամով

11:49, 30 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների բյուջեն 2020թ. կաճի 193 մլն դրամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«ԲԴԽ-ի համար 2020թ. պետական բյուջեով նախատեսված է 12.6 մլրդ դրամ ֆինանսական ցուցանիշ, որը 193 մլն դրամով գերազանցում է 2019թ. մեծությունը»,- ասաց Ջանջուղազյանը:

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նշեց, որ հատկացվող գումարի զգալի մասն ուղղվելու է աշխատակիցների աշխատավարձերի տրամադրմանը: Անդրադառնալով ԲԴԽ-ին և դատարաններին հատկացված տրանսպորտային միջոցներին՝ Փոլադյանը նշեց, որ դատական համակարգում առկա տրանսպորտային միջոցներից 2-ը գտնվում են օտարման գործընթացում:

«Դատական համակարգում առկա է 30 տրանսպորտային միջոց, 2-ի օտարման գործընթացն ընթացքի մեջ է: Առկա 28 մեքենաներից 3-ն են ծառայողական մեքենաներ, մնացածը սպասարկող են, 2-ը բեռնատար են: 26-ից 17-ը սպասարկում են մեկ դատարանի, մնացած 9 մեքենաները սպասարկում են ԲԴԽ-ին և դատական դեպարտամենտին»,- ասաց Փոլադյանը:


© 2009 ARMENPRESS.am