Պատանի շախմատիստները շուտով կթակեն մեծահասակների ընտրանու «դռները». Արտաշես Մինասյան

13:52, 28 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատանեկան թիմերի անդամները ներուժ ունեն խաղալու նաև մեծահասակների ընտրանու կազմում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք հայտնեց Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը:

«Ուրախ եմ մեր պատանի շախմատիստների հաջողությամբ՝ Մ18 և Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքների համար: Արթուր Դավթյանին հաջողվեց պատանեկան մրցաշարերում մեդալ նվաճել, իսկ Շանթ Սարգսյանն արդեն այնքան է մրցաշարերից մեդալակիր դառնում, որ մեզ համար սպասելի էր»,-ասաց Մինասյանը: 

Նրա խոսքով` պատանիներն, ովքեր մրցանակակիր են դարձել աշխարհի այս առաջնությունում, «պատանեկան շախմատի վետերաններն են» արդեն:  «Շատ շուտով այս պատանիները կթակեն մեծահասակների հավաքականի դռները»,-ասաց  մարզիչը:

 Հնդկաստանում կայացած  աշխարհի մինչև 20 տարեկան երիտասարդների և աղջիկների առաջնություններում հիանալի ելույթ ունեցան գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը: Շանթ Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և դարձավ փոխչեմպիոն, իսկ Հակոբյանը 8 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:

Հոկտեմբերին սա արդեն Սարգսյանի 2-րդ հրաշալի նվաճումն է. հոկտեմբերի 12-ին Շանթ Սարգսյանը արծաթե մեդալ էր նվաճել մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում, իսկ նույն մրցաշարում Արթուր Դավթյանը արժանացել էր բրոնզե մեդալի:


© 2009 ARMENPRESS.am