Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հարցը

16:49, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի պետական բյուջետային հատկացումների հայտը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկումը ծավալվել է նախարարության համակարգման տիրույթում գտնվող ոլորտներում իրականացվող բարեփոխումների, գերատեսչության կառուցվածքային փոփոխությունների, գերակա խնդիրների և առաջնահերթությունների շուրջ:

Անդրադարձ է եղել, մասնավորապես, տնտեսական առաջընթացի ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ներդրողների աջակցության, փոքր և միջին բիզնեսի խրախուսման, միջազգային տնտեսական համագործակցության զարգացման, զբոսաշրջության խթանման և զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին: Արծարծվել են Էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող առանձին կառույցների և մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով Էկոնոմիկայի նախարարության արդյունավետ և համակարգված աշխատանքը, ծախսերի նպատակայնությունն ու հասցեականությունը  և մի շարք հանձնարարականներ տվել:


© 2009 ARMENPRESS.am