SWITCH ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսում ՀՀ-ն առաջին անգամ կներկայանա միասնական տաղավարով

10:22, 23 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրում նոյեմբերի 11-13 տեղի է ունենալու SWITCH ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին Հայաստանն առաջին անգամ ներկայացված է լինելու միասնական տաղավարով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Սա հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար իրենց արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու նոր հնարավորություն է: Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռնի ձեռք բերել նոր գործընկերներ և բացահայտել նոր շուկաներ Ասիական տարածաշրջանում: Տեխնոլոգիական ընկերությունների համար հայտարարում ենք մրցույթ՝ հայկական պատվիրակության մեջ ընդգրկվելու, ցուցահանդեսին մասնակցելու և միջազգային շուկայում սեփական արտադրանքը ներկայացնելու նպատակով»,-նշել է նախարարը:


© 2009 ARMENPRESS.am