Միջազգային մրցաշարերում հաղթած եռամարտիկ Գեւորգ Աֆրիկյանը սահմանեց «Դյուցազնագրքի» ռեկորդ
21:25, 21 Հոկտեմբեր, 2019ԳԱՎԱՌ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի բնակիչ, ուժային եռամարտի աշխարհի ու Եվրոպայի մի շարք մրցաշարերի հաղթող, Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկ Գեւորգ Աֆրիկյանը Գավառ քաղաքում սահմանեց «Դյուցազնագրքում» գրանցվելուն արժանի ռեկորդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանից, Գեւորգ Աֆրիկյանը հայրենի Գավառ քաղաքում չորեքթաթ քաշեց 6 տոննա 35 կգ ընդհանուր քաշով 3 մեքենա՝ քաշը տեղաշարժելով 9 մետր 10 սանտիմետր : Այս ռեկորդն աննախադեպ էր, որը եւ գրանցվեց ՀՀ դյուցազունների ասոցիացիայի «Դյուցազնագրքում»: Հայտն ուղարկվելու է նաեւ Գինեսի ռեկորդների հանձնաժողով՝ Գինեսի գրքում այն գրանցելու համար:
Գեւորգին իրենց ներկայությամբ ոգեւորում էին ՀՀ դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, Գեւորգի մարզիչ Արման Հայրապետյանը, Գավառի համայնքապետարանի աշխատակիցներն ու Գավառի բնակիչները:Վարդան Թովմասյանը իր խոսքում հաստատեց, որ սա աննախադեպ ռեկորդ էր. «Նույնիսկ առողջ մարզիկները կդժվարանան այս քայլն անել, սակայն Գևորգը խիզախեց եւ ռեկորդը գրանցեց»,- ասաց Վարդան Թովմասյանը:
Գագիկ Սարոյանն էլ իր հերթին կարեւորեց Գեւորգի նպատակասլացությունը եւ հույս հայտնեց, որ առաջիկայում նույնպես Գեւորգը կշարունակի զարմացնել իր յուրօրինակ ռեկորդներով: Գեւորգն իր խոսքում նշեց, որ ցանկացած գործի դեպքում անհրաժեշտ է կամք, որն էլ նրա հաջողությունների գրավականն է: Առաջիկայում նա պատրաստվում է մասնակցել Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը:
Խոսրով Խլղաթյան
© 2009 ARMENPRESS.am