Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Իվանյանի նկատմամբ իրավական առումով որևէ խնդիր չի հայտնաբերվել

14:52, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննությունն ավարտվել է, քննության արդյունքներով պարզվել է, որ իրավական առումով որևէ խնդիր չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Իվանյանի նկատմամբ ծառայողական քննությունն ընթացել է, քննության արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ կապ նույնիսկ չի ունեցել»,-ասաց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, հստակ նշվում է, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է ինքնաբացարկ հայտնի: «Իրենց ազգակցական կապի աստիճանը նշված չէ, ուստի զուտ իրավական առումով որևէ խնդիր չունենք»,-նշեց Գրիգորյանը:

Սեպտեմբերի 2-ին Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանը հայտնել էր, որ Ամուլսարի հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան: Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր ԷԼԱՐԴ ընկերության փորձագետների խմբին: Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:


© 2009 ARMENPRESS.am