Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարը կժամանի Բարսելոնա

11:52, 21 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 21-ին կժամանի Բարսելոնա՝ այցելելու բողոքի ակցիաների ընթացքում վիրավորված իրավապահ մարմինների աշխատակիցներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կառավարության հայտարարության մեջ:

«Կառավարության նախագահի պաշտոնակատար Պեդրո Սանչեսն այսօր կուղեւորվի Բարսելոնա՝ այցելելու այս օրերին անկարգությունների հետեւանքով տուժած ոստիկաններին եւ հանդիպելու պետական անվտանգության ուժերի ու մարմինների հետ, որոնք պատասխանատու են Կատալոնիայի անվտանգության համար»,-ասված Է հայտարարության մեջ: Կատալոնիայում հանրահավաքները, ճանապարհների, երկաթուղիների փակումը եւ անկարգություններն սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռներ կայացրեց կատալոնցի 12 քաղաքական գործիչների նկատմամբ անկախության հանրաքվեի անցկացմանը նրանց մասնակցության կապակցությամբ:

Ինքնավար հանրակցության տարբեր քաղաքներում տեղի ունեցած ընդհարումների ընթացքում անցած շաբաթվա սկզբից տուժել Է մոտավորապես 800 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների 300-ից ավելի ներկայացուցիչներ, որոնցից 18-ը մինչ այժմ գտնվում են հիվանդանոցներում, մեկը ծանր վիճակում Է, ութի վիճակը գնահատվում Է՝ շատ ծանր: Բերման Է ենթարկվել մոտավորապես 200 մարդ, նրանցից 18-ը գտնվում են նախնական կալանքի տակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am