ՏԿԵ փոխնախարար Լիլիա Շուշանյանն ընդունել է DMT երկրաբանական հետազոտական կենտրոնի ներկայացուցչին

21:21, 18 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է DMT երկրաբանական հետազոտական կենտրոնի ներկայացուցչին: Կենտրոնը Հայաստանում իրականացնելու է հանքարդյունաբերության ոլորտի՝ շրջակա միջավայրի և առողջապահական հարցերի վերաբերյալ ընդհանուր ուսումնասիրություն:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության պատվերով և Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ուսումնասիրությունների արդյունքները պետք է օժանդակեն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության մշակմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Լիլիա Շուշանյանը, ողջունելով հյուրերին ՏԿԵ նախարարությունում՝ կարևորել է ուսումնասիրվող հարցերի նշանակությունը Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի զարգացման քաղաքականության մշակման գործում: Փոխնախարարը նշել է. «Մեզ համար հստակ է, որ 21-րդ դարում հանքարդյունաբերության ոլորտը ոչ միայն պետք է անմիջականորեն կապված լինի կայուն զարգացման հետ, այլև ունենա իր ներդրումը այդ գործում: Այս նպատակը չի կարող իրագործվել առանց բնապահպանական ու առողջապահական կարգավորումների թույլ կողմերը բացահայտելու, միջազգային փորձագետներից լավագույն փորձի վրա հիմնված առաջարկություններ ստանալու և դրանք կյանքի կոչելու»:

Աշխատանքային քննարկման ընթացքում DMT հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Ջեֆրի Սմիլը նախատեսվող աշխատանքների կառուցվածքը ներկայացնելիս նշել է առաջնային ուշադրության երեք քայլերը՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավական կարգավորումների, ինստիտուցիոնալ կարողությունների և մի քանի հանքավայրերի ուսումնասիրությանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին հետագա աշխատանքների կազմակերպման և հաջորդ տարվա սկզբին առաջնային արդյունքներ ներկայացնելու մասին:


© 2009 ARMENPRESS.am