Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում

13:41, 18 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հոկտեմբերի 17-ին  կառավարությունում տեղի է ունեցել դոնոր-համակարգման հանդիպում, որի նպատակն էր ընդգծել Հայաստանի տնտեսության զարգացման վրա գիտության և ինովացիաների ազդեցության հնարավորությունները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա էին պետական կառույցների, դեսպանությունների,  միջազգային կազմակերպությունների, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ  կառավարությունը հանձնառու է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն և այդ նպատակով ներդրումային բարենպաստ միջավայր և առաջադեմ ինովացիոն էկոհամակարգ ձևավորելուն: Նա հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի այնպիսի նախապայմաններ ստեղծել, որ Հայաստանը պատրաստ լինի կլանել առաջադեմ գլոբալ գիտելիքը, տնտեսությունն ի վիճակի լինի տեղափոխվել տեխնոլոգիական հաջորդ մակարդակ, ինչի շնորհիվ երկիրը կդառնա բարձր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ արտադրող ու արտահանող երկիր:

Դոնոր-համակարգման հանդիպմանը քննարկվել է կառավարության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագիր, որն իրագործվելու է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի հետ փոխգործակցությամբ:   Ծրագրի նպատակն է  խթանել տարածաշրջանում նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը։

Նախագծի իրագործումը մեծ նշանակություն կունենա Հայաստանի ռազմավարական զարգացման համար՝ ազգային անվտանգության, գիտության և կրթության ու գյուղատնտեսության ոլորտների առաջխաղացման տեսանկյունից: Կառավարության ու «FAST»-ի  կողմից իրագործվող այս ծրագիրը գտնվում է մշակման փուլում:

Հանդիպման նպատակն էր նաև ներգրավել միջազգային հանրությանը նախագծի մրցունակությունն ապահովելու գործում: 


© 2009 ARMENPRESS.am