Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցման էսքիզները կներկայացվեն հանրությանը

15:42, 17 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցման նախագծանախահաշվարկային աշխատանքներն ավարտման փուլում են: Էսքիզները շուտով կներկայացվեն հանրությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին նշել է Երևանի քաղաքապետարանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցումը միս ու արյուն է ստանում: Այս մասին կայացած ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստում մեր հետաքրքրությանն ի պատասխան հայտնեց Երևանի Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Ինչպես և խոստացվել էր, գրեթե ավարտին են մոտեցել նախագծանախահաշվարկային աշխատանքները, ճոպանուղու դեպքում նաև պարզ է դարձել երթուղու մանրամասն ճամփան: Շուտով քաղաքապետարանի կայքում կտեղադրվեն էսքիզները: Ներդրումային երկու ծրագիրն էլ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանակում»,-նշել է Իզաբելլա Աբգարյանը:


© 2009 ARMENPRESS.am