ՀՀ ՔԿ նախագահը ցավակցական հեռագիր է հղել ոստիկանի մահվան կապակցությամբ

12:43, 16 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել՝ ՀՀ  ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից, հեռագրում նշված է.

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բոլոր ծառայողների և անձամբ իմ անունից ցավակցում եմ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՊՊԳՎ ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանի մահվան կապակցությամբ, կիսում կորստյան խոր վիշտը։

Հավաստիացնում եմ, որ պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության գործին նվիրված ծառայողների կյանքի և առողջության դեմ ոտնձգած որևէ անձ անպատիժ չի մնալու»:

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 0430-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ: Հանցագործություն կատարելու մեջ կասկածվողները հայտնաբերվել և ձերբակալվել են: Նրանք 2003 և 2001 թվականներին ծնված եղբայրներ են:


© 2009 ARMENPRESS.am