Թափանցիկ և հաշվետու. գործարկվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կայքը

15:06, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2019»-ին ընդառաջ գործարկվել է առաջատար տեխնոլոգիաներով զինված և նորամուծություններով լի նոր կայքը՝ himnadram.org հասցեով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն հիմնադրամի աշխատանքները կդարձնի լիովին թափանցիկ ու հաշվետու համայն հայությանը և հնարավորություն կտա առցանց նվիրատվություններ կատարել ձեր նախընտրած ձևաչափով:

«Ցանկացած մարդ աշխարհի ցանկացած անկյունից կարող է մտնել մեր կայք ու տեսնել և՛ մեր կատարած աշխատանքները, և՛ իրականացվելիք ծրագրերը: Մենք իրականացնելու ենք դրամաարշավներ, որոնց ժամանակ մեր առջև գումարային նպատակ ենք դնում, որ կհավաքենք 100 հազար կամ 10 հազար ԱՄՆ դոլար, և կարճ ժամանակում հավաքում այդ գումարը և կյանքի կոչում տվյալ ծրագիրը: Մենք կայքում ունենք նաև նվիրաբերության բաժին, որը հնարավորություն է տալիս պարբերաբար նվիրատվություն անել հիմնադրամին՝ ամսական կամ օրական 1 ԱՄՆ դոլար: Բանկային քարտից ամեն ամիս գումարը կպահվի և տվյալ անձն ամեն անգամ հաշվետվություն կստանա, թե ինչ ծրագրերի վրա է ծախսվել իր նվիրաբերած գումարը»,- նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Նա նշեց, որ նոր կայքի բացմանը զուգընթաց ավելի է ընդլայնվել նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ համագործակցությունը և համատեղ որոշումներով կհստակեցվեն, թե հավաքված գումարները ինչ ծրագրերի վրա են ծախսվելու:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանն ասաց, որ իրենք արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում են համահայկական հիմնադրամի հետ, և բոլոր վճարումները կատարվում են բանկի էլեկտրոնային POS տերմինալների միջոցով:

«Հավատարիմ մնալով մեր քաղաքականությանը՝ ստացած բոլոր միջնորդավճարները փոխանցելու ենք հիմնադրամի հետ համատեղ հաշվին, որից միջոցների տնօրինումն իրականացվում է համատեղ համաձայնությամբ: Մենք շատ գոհ ենք, որ այսուհետև ծրագրերը կլինեն ավելի թափանցիկ և կառավարելի, մեր հաճախորդները հնարավորություն կունենան տեսնել, թե ինչ բարեգործություն են արել: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի VISA բարերար քարտերով ցանկացած վճարում կատարելու դեպքում՝ հաճախորդը ավտոմատ կերպով դառնում է բարերար»,- նշեց Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ հաճախորդի կողմից լրացուցիչ որևէ գումար չի գանձվում, և կատարված այդ գնումից գոյացած բանկի եկամուտներից կառանձնացվի որոշակի մասը ու կուղղվի հիմնադրամի հաշվին:

Մելքոնյանը նաև տեղեկացրեց, որ VISA բարերար քարտերի դիզայնը շուտով փոխվելու է, սակայն նույնն են մնալու միայն բանկի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվանումները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա:


© 2009 ARMENPRESS.am