ԵՄ-ի մի քանի երկրներ հանդես են եկել Թուրքիային զենքի մատակարարումն արգելելու օգտին

11:44, 14 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության մի շարք երկրներ հանդես են եկել Սիրիայում Անկարայի գործողությունների կապակցությամբ Թուրքիայի հետ զենքի առեւտրի վրա արգելանք սահմանելու օգտին: Այդ մասին հոկտեմբերի 14-ին հայտարարել են Նիդեռլանդների, Իռլանդիայի եւ Լատվիայի ԱԳ նախարարությունների ղեկավարները ԵՄ-ի խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստին ժամանելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նիդեռլանդները դատապարտել Է Թուրքիայի գործողությունը եւ արգելք սահմանել զենքի մատակարարումների վրա (ազգային մակարդակով): Այժմ ԵՄ-ն պետք Է նույն բանն անի: Մենք գտնում ենք, որ Թուրքիան խախտում Է միջազգային իրավունքը: Ոչ ոք չպետք Է խախտի միջազգային իրավունքը»,-ասել Է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Թուրքիայի դեմ ԵՄ-ի «որոշակի սահմանափակիչ միջոցներ» կիրառելու հնարավորության մասին արդեն այսօր հայտարարել Է Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քոուվենին, որը ժամանել Է Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու հանդիպմանը: ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները մտադիր են հոկտեմբերի 14-ին քննարկել ոչ միայն քրդերի դեմ Թուրքիայի գործողությունը Սիրիայում, այլեւ Եվրամիության մեջ մտնող Կիպրոսի առափնյա ծանծաղուտում Անկարայի երկրաբանահետախուզական գործունեության շուրջ ստեղծված իրադրությունը, ինչն արդեն սուր քննադատության Է ենթարկվել Բրյուսելի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am