Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

14:55, 13 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգրադում hոկտեմբերի 12-ին անցկացվող Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Մայա Գոյկովիչը, ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել նստաշրջանի մասնակցության իր հրավերն ընդունելու համար։ Նա նշել է, որ սերբական կողմը պատրաստակամ է զարգացնել թե՛ բազմակողմ, թե՛ երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ։ Հոկտեմբերի 25-ին Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի շրջանակներում և նրա անդամ պետությունների հետ ազատ առևտրի համաձայնագիրը։

Հայաստանի խորհրդարանի խոսնակը, ընդգծելով մեր երկու ժողովուրդների դարավոր կապը, խոսել է դրանց աշխուժացման կարևորության մասին, ինչին մեծապես կարող է նպաստել Հայաստանում Սերբիայի դեսպանության բացումը։ Կողմերը քննարկել են միջազգային խորհրդարանական հարթակներում առավել սերտ համագործակցության հնարավորությունները՝ հիմք ընդունելով միմյանց ազգային շահերը։


© 2009 ARMENPRESS.am