Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին նվիրել է Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը

17:24, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխաբադում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Երկու երկրների ղեկավարները Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում են ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2009թ. լույս ընծայված գիրքը պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր և հեղինակի վերլուծական նյութեր:

Կազիմիրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է եղել 1994-1996 թվականներին։ Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Մոսկվայում 1992 թվականի մայիսին զինադադար հաստատելու բանակցությունները։ Հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածներով և զեկույցներով հանդես է եկել մամուլում և համաժողովներում։ 2015 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով։


© 2009 ARMENPRESS.am