Թրամփը շատ հաջող Է որակել Չինաստանի հետ կայացած առեւտրական բանակցությունները

10:45, 11 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում ամերիկա-չինական երկօրյա բանակցությունների առաջին օրը շատ լավ Է անցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մենք հենց նոր ավարտեցինք բանակցությունները (առաջին օրը) Չինաստանի հետ: Դրանք շատ լավ անցան: Վաղը (ուրբաթ օրը) կկայանա բանակցությունների եւս մեկ օր: Ես Սպիտակ տանը կհանդիպեմ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապես Լյու Հեի հետ եւ, կարծում եմ, որ ամեն ինչ իրոք շատ լավ կընթանա:

Մենք շատ լավ բանակցություններ ենք անցկացնում Չինաստանի հետ»,-նշել Է նախագահը:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական բանակցությունների նոր փուլն սկսվել Է հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում: Այս պահին Լու Հեն ավարտել Է կոնսուլտացիաները ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Չինաստանը եւ ԱՄՆ-ը արդեն մի քանի ամիս լարված բանակցություններ են վարում առեւտրական հակասությունները հարթելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am