Աբովյանի ամենամյա թատերական փառատոնի շրջանակում ներկայացվելու է վեց բեմադրություն

13:10, 7 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոտայքի մարզում թատերական կյանքն աշխուժացնելու, հանրության  հետաքրքրությունը թատրոնի նկատմամբ մեծացնելու նպատակով հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում կանցկացվի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը, որը  թվով չորրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի ընթացքում թատերասերներն Աբովյանի դրամատիկական թատրոնում հնարավորություն կունենան վայելելու վեց ներկայացում:

Նրանք կարող են դիտել Ա. Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Հ. Թումանյանի «Հեքիաթներ» (Հ. Մալյանի անվան թատրոն), Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Պ. Գլադիլինի «Ուրիշ մարդը» (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն), Վ. Շեքսպիրի «Օթելլո» (Ուսանողական թատրոն), Հ. Թումանյանի «Անուշ» (Կամերային երաժշտական թատրոն) բեմադրությունները:

Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է:

Փառատոնն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը` Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am