«Երևան» ֆուտբոլային ակումբը խզել է պայմանագիրը մարզչի հետ  

14:27, 4 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկկողմանի համաձայնությամբ «Երևան» ֆուտբոլային  ակումբի ղեկավարությունը խզել է պայմանագիրը մոլդովացի մարզիչ Վլադ Գոիանի և օգնական Նիկոլայ Պանուի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Երևան»-ի ղեկը կստանձնի պորտուգալացի մասնագետ Կալդաս դե Օլիվեյրան և օգնական Գոմես Կոռեան:

Մեր նոր մարզիչը նախկինում աշխատել է «Բրագա Բ», «Չավես», «Բրագա Մ-19», այլ ակումբներում։ Եղել է նաև  «Բրագա»-ի գլխավոր թիմի մարզիչը:

Հայաստանի առաջնությունում 9 տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարն «Արարատ»-ն է, որն ունի 19 միավոր: Երկրորդ տեղում ընթանում է «Շիրակ»-ը 18 միավորով և 16-ական միավորով եռյակի վերջում են «Ալաշկերտ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն: 14 միավոր է հավաքել Վանաձորի «Լոռի»-ն: «Փյունիկ»-ն ունի միայն 12 միավոր և մրցաշարային աղյուսակում 6-րդն է: «Նոա»-ն 7-րդն է (11 միավոր), «Ուրարտու»-ն` 8-րդը, իսկ «Գանձասար-Կապան»-ը` 9-րդը (7 միավոր): Ոչ մի միավոր չունի «Երևան»-ը:


© 2009 ARMENPRESS.am