Օրենսդիրները չպետք է դուրս մնան համագործակցության շրջանակներից

09:33, 4 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Տնտեսությունների թվայնացման խնդիրները Եվրասիական տնտեսական միության առաջնահերթություններից է։ Կառույցի գոյության հինգ տարիների ընթացքում մշտապես խոսվում է թվային օրակարգի եւ թվային տնտեսության զարգացման կարեւորության մասին։ ԵԱՏՄ-ն պետք է ունենա խորհրդարանական մարմին, ինչպիսիք ունեն ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն եւ այլ միջազգային կառույցներ։ Դա հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ աշխատել ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությամբ։ «Եթե ունենանք խորհրդարանական մարմին, որտեղ ԵԱՏՄ շրջանակներում կհանդիպեն ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների խորհրդարանականները եւ գործուն քայլեր կիրականացնեն օրենսդրության ներդաշնակեցման մասով, ապա այդ հարթակը ոչ թե լրացուցիչ բեռ, այլ լրացուցիչ խթան կհանդիսանա կառույցի համար գոյություն ունեցող խնդիրները լուծելու համար»,- ասում է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը։ Նկատենք, որ այսօր մի շարք խնդիրներ հենց օրենսդրական անհամապատասխանությունների հետեւանք են, մինչդեռ օրենսդիրները դուրս են մնացել համագործակցության շրջանակներից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


© 2009 ARMENPRESS.am