Սինգապուրի վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

18:35, 29 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 29-ին Սինգապուրի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։

Լի Սյեն Լուն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ գրառում կատարեց հուշամատյանում։

«Հայ ժողովուրդը մեծ կամքի ուժ և խիզախություն է ցուցաբերել 1915թ. ողբերգական իրադարձություններից հետո։ Ցանկանում եմ ձեզ հավերժ վայելել խաղաղություն, անվտանգություն և ներդաշնակություն»,- գրել է վարչապետը։

Սինգապուրի վարչապետը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել տիկնոջ հետ։ Նրանց ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել պաշտոնական այցով։

Լի Սյեն Լուն հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Կայացել է վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը։

Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը։


© 2009 ARMENPRESS.am