Ադրբեջանը մեկ շաբաթում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1600 կրակոց

13:54, 28 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:

Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ դիրքապահ անձնակազմի հմուտ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Շաբաթվա ընթացքում հակառակորդը դիմել է նաև օդային սադրանքի, որը նույնպես հաջողությամբ կանխվել է ՊԲ զինծառայողների կողմից: Մասնավորապես սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը վստահորեն հսկում են Արցախի օդային և ցամաքային սահմանները և շարունակում իրենց կամքը պարտադրել հակառակորդին:


© 2009 ARMENPRESS.am