Հայաստանն օտարների աչքերով. Երևանում բացվեց «Արվեստ առանց սահմանների» ցուցահանդեսը

19:10, 24 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստան ժամանած ութ նկարիչ, համագործակցելով հայաստանաբնակ գործընկերների հետ, սեպտեմբերի 16-ից մասնակցել են «Արվեստ առանց սահմանների» ծրագրին: Նախաձեռնության շրջանակում նկարիչները, ոգեշնչվելով հայկական լեռնաշխարհով, իրենց կտավներում պատկերել են մեր բնաշխարհի գեղեցիկ ու տպավորիչ դրվագները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ստեղծագործողների աշխատանքներն ամփոփող «Արվեստ առանց սահմանների» խորագրով ցուցահանդեսը բացվեց սեպտեմբերի 24-ին Հայաստանի նկարիչների միությունում:

[gallery id= 62913]

Միության նախագահ Սուրեն Սաֆարյանն ասաց, որ ծրագրի ընթացքում հյուրերը և տեղի նկարիչները աշխատել են Շորժայի նկարիչների ստեղծագործական տանը: «Հետխորհրդային շրջանում տարբեր երկրների բուհերի միջև համագործակցությունն ընդհատվեց: Այս ծրագրով ցանկանում ենք վերականգնել մեր կապերը:  Հյուրընկալել ենք դասախոսների  Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայից և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանից: Հայաստանից ծրագրին մասնակցել են դասախոսներ Գեղարվեստի պետական ակադեմիայից և Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջից»,-նշեց նա ու հավելեց, որ մասնակիցները եղել են Սևանում, Դիլիջանում և մեր երկրի  տարբեր տեսարժան վայրերում:

Սաֆարյանի խոսքով` ծրագիրն ու ցուցահանդեսը կարող են ամուր կամուրջներ կապել հայաստանյան և արտասահմանյան դպրոցների միջև:

Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի դասախոս Արթուր Շարաֆյանի կարծիքով  նման համագործակցությունները պետք է հաճախակի դառնան, քանի որ  օգնում են երկու կողմերին էլ: «Այսօրինակ ծրագրերը մեր պատմությունը, մշակույթն ու արվեստը ճանաչելու լավագույն միջոցներից  են»,-ասաց նա:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս Արթուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ աշխատել են մտերմիկ ստեղծագործական մթնոլորտում, որի վառ ապացույցը ցուցահանդեսն է: «Մենք տեսնում ենք տարբեր ձեռագրեր, մոտեցումներ, բայց բոլորիս համախմբել է սերը դեպի Հայաստանը, մշակույթն ու արվեստը»,-նշեց Հովհաննիսյանը:

«Ծրագիրն իրականացվել է բարձր մակարդակով:  Հայաստան ժամանած բոլոր նկարիչները չափազանց տպավորված են, ոգեշնչված տեղի բնությամբ: Սևանն էր ֆանտաստիկ: Հետաքրքիր են հատկապես այն քարերը,  որոնցով կառուցվել են հնամյա եկեղեցիները»,-իր տպավորություններով կիսվեց Սանկտ Պետերբուրգի Ի. Ե. Ռեպինի անվան  ակադեմիայի դասախոս  Արսենի Բաղդասարյանը` նախաձեռնությանը մաղթելով շարունակականություն:

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս  Լատիֆ Կազբեկովը խոստովանեց, որ Հայաստան է եկել այն ճանաչելու նպատակով, և մեր հնագույն մշակույթն իրեն հուզել է մինչև հոգու խորքը:

Անդրադառնալով ծրագրին`նկարիչը պատմեց, որ եկավ մի շրջան, երբ  հետխորհրդային երկրները բավականին հեռացան միմյանցից, և այդպես  մենք միայն աղքատացանք: «Ըստ իս` կարելի է պահպանել ազգային առանձնահատկությունները, բայց լինել միասին: Մշտապես մտածել եմ, որ սպորտն ու արվեստը չունեն սահմաններ, չեն ճանաչում ազգություններ: Սա մշակութային տարածություն է, որտեղ մարդը դաստիարակվում է, արժեքներ է ձեռք բերում, որոնց այլ ոլորտում անհնար է հասնել»,-եզրափակեց նկարիչը:

«Արվեստ առանց սահմանների» ծրագիրը և ցուցահանդեսն իրականացնում է Հայաստանի նկարիչների միությունը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am