Ոստիկանության կրթահամալիրում կայացել է Անկախության օրվան նվիրված միջոցառում

21:28, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախության 28-րդ տարեդարձին ընդառաջ տոնական միջոցառում է անցկացվել  ոստիկանության կրթահամալիրում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Միջոցառումը մեկնարկեց կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի սովորողների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությամբ։ Դիպլոմները հանձնեց ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։

Նա շնորհավորեց իրավագետ-ոստիկաններին և մաղթեց՝ ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության և հանուն անկախ պետականության ամրապնդման։
Միջոցառումը շարունակվեց Անկախության օրվա առթիվ ՀՀ ոստիկանության պետի և ոստիկանության կրթահամալիրի պետի հրամաններով խրախուսված ծառայողների պարգևների հանձնումով։

Միջոցառումն ամփոփվեց տոնական համերգով։ Կրթահամալիրի սովորողների և դասախոսների համար ելույթ ունեցան սիրված ու ճանաչված արտիստներ, համերգային կոլեկտիվներ ինչպես և կրթահամալիրի սովորողներ»,- նշված է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am