Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հերքել է ադրբեջանցիների զանգվածային արտաքսման մասին լուրերը

13:01, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտնել է, որ Թուրքիայից ադրբեջանցիների զանգվածային արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դեսպանը նշել է, որ այն բանից հետո, երբ որոշ համացանցային տեղեկատվության միջոցներ Թուրքիայից ադրբեջանցիների արտաքսման մասին լուրեր էին հրապարակել, դեսպանատունը կապ է հաստատել Թուրքիայի պաշտոնական կառույցների հետ՝ այդ հարցի շուրջ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար: 

«Անկարայի պաշտոնական կառույցներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայից Նախիջևան է արտաքսվել Ադրբեջանի միայն մեկ քաղաքացի»,- հայտնել է նա:

Օզորալը հավելել է, որ Թուրքիայից ադրբեջանցիների զանգվածային արտաքսման մասին խոսք անգամ լինել չի կարող,ընդհակառակը՝ Թուրքիայում բնակվող ադրբեջանցիների խնդիրների լուծման հարցը մի քանի օր առաջ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի՝ Բաքու կատարած այցի ժամանակ քննարկման առանցքային թեմաներից մեկն է եղել:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլը տեղեկություններ էր տարածել, որ Թուրքիայում ապօրինաբար աշխատող հազարավոր ադրբեջանցիների արտաքսում է նախատեսվում, և նրանք հիմնականում Նախիջևանից են:


© 2009 ARMENPRESS.am