Վարչապետը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին

10:02, 20 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին:

«Թե Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, թե Արման Սարգսյանի պարագայում, եթե այս ընթացքում արձանագրենք երկուստեք արդյունքների գոհացուցիչ լինելը, ապա այս կարգավիճակը կունենա իր տրամաբանական շարունակությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ դժվար ժամանակաշրջանում, Ձեր հոգածության համար, որը զգացել էր մեր ամբողջ համակարգը: Անելու եմ ամեն ինչ՝ արդարացնելու Ձեր հույսերը: Երբ նշանակվեցի առաջին տեղակալի պաշտոնում, ասացի, որ ինձ բացառիկ հնարավորություն է ընձեռվել մասնակցելու վաղվա լավ երկրի կերտմանը: Կարող եմ ասել, որ Ոստիկանությունում ունենք առողջ կորիզ, վստահ եմ, որ ինձ օժանդակելու են, աշխատելու ենք ավելի լավ երկիր ունենալու համար»,-ասաց Արման Սարգսյանը:


© 2009 ARMENPRESS.am