Կառավարությունն արտոնություններ տրամադրեց ակնաբուժության ոլորտում ներդրումային ծրագրին

17:52, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Սրուրեան ակնաբուժական կենտրոն» ՍՊԸ կողմից՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին որոշում ընդունեց:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ակնաբուժական ծառայությունների մատուցման համար (ք. Երևան)։

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ ընկերությունն աշխատում է 2016 թվականից, ընդհանուր ներդրումային ծրագրի ծավալը կազմում է 170 մլն դրամ, արդեն իրականացվել է 120 մլն դրամի ներդրում: Ներկայում առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 3-ը:

Ակնկալվում է, որ ծրագրով նախատեսված մատուցվող բժշկական ծառայությունների ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 60-70 մլն դրամ: 2018 թ. ընկերության կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 14 մլն դրամ, ընկերությունն արտադրանքը ձեռք է բերելու առաջնային արտադրողից, այսինքն՝ սարքավորումներն ամբողջապես նոր են:


© 2009 ARMENPRESS.am