Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու հարցին

15:55, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ Վալերի Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու հարցին: Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ խորհուրդներ է տալու Վարչապետին արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որի գործունեությունից Փաշինյանը դժգոհ էր:

«Երբ պարոն Օսիպյանի հետ հանդիպեք, հարցրեք, հարցն իրեն է ուղղված: Եթե մի ուղղությամբ, մի գործառույթի շրջանակում կան որոշակի հարցադրումներ, դա չի նշանակում, որ թիմի անդամը կամ այն պաշտոնյան, որին ղեկավարությունը վստահում է, չի կարող մեկ այլ ուղղությամբ օգտակար լինել ու իրականացնել պատշաճ մակարդակի գործունեություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:

Հարցին՝ պետական կառավարման համակարգում չկա՞ն այլ պաշտոնյաներ, նախարարներ, որոնց նկատմամբ վարչապետը կասկածներ ունի ու ցանկանում է պաշտոնանկ անել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Եթե շարունակում են պաշտոնավարել, ի՞նչ կասկածի մասին է խոսքը: Ուրեմն, ունեն Վարչապետի վստահությունը»:

 


© 2009 ARMENPRESS.am