Հակոբ Արշակյանն անդրադարձել է իշխանության վերջին կադրային փոփոխություններին

14:25, 19 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կբացատրի Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելն ու խորհրդական նշանակելը: «Նորմալ իրավիճակ է, երբ գործատուն, իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում և որոշում են բաժանվել։ Ընդհանրապես, աշխատանքի տարբեր ուղղություններ և տարբեր պատասխանատվություններ կան: Այդ առումով չէի ուզենա մեկնաբանել: Դրանք տարբեր աշխատանքներ են, մի մարդը մի տեղում լավ է աշխատում, մյուս տեղում այդքան էլ լավ չի աշխատում, մեզնից յուրաքանչյուրն այդպիսի հատկություններ ունի։ Որևէ մեկին կարելի է մի տեղ նշանակել ու նա արդյունավետ աշխատի, իսկ մեկ այլ տեղ այդքան էլ արդյունավետ չաշխատի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հակոբ Արշակյանը։

Նախարարը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությունը՝ նշելով, որ մեկնաբանության համար ավելի լավ է դիմել հենց Վանեցյանին։

Հարցին, իսկ իր աշխատանքից գո՞հ է իր գործատուն՝ Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Հուսամ»:

 


© 2009 ARMENPRESS.am