Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր ասամբլեայի 23-րդ նստաշրջանին

12:39, 18 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության  Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը, կոմիտեի նախագահի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 11-ից 13-ը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում կայացած ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Գլխավոր ասամբլեայի 23-րդ նստաշրջանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նստաշրջանի ընթացքում քննարկվել և անդամների քվեարկությամբ ընդունվել են ՄԱԿ ԶՀԿ գործունեությանը վերաբերող կարևորագույն որոշումներ, որոնց թվում էին նոր երկրների ՄԱԿ ԶՀԿ-ին անդամակցության հարցը, 2018-2019թթ. ծրագրով նախատեսված՝ կատարված և կատարվելիք աշխատանքներն, ինչպես նաև 2020-2021 թթ. ծրագիրը և բյուջեն: Քվեարկությամբ ընտրվել է նաև Գլխավոր ասամբլեայի 24-րդ նստաշրջանի անցկացման երկիրը՝ Մարոկկոյի Թագավորությունը:

Զբոսաշրջության կոմիտեի պատվիրակությունը մասանցել է նաև բժշկական և առողջապահական զբոսաշրջությանը նվիրված համաժողովին, «Զբոսաշրջության ոլորտում նորարարություն և կայուն զարգացում»  թեմայով գագաթնաժողովին, «Զբոսաշրջության ոլորտում կրթության և զբաղվածության հարցերը»  թեմայով նախարարական քննարկմանը, ինչպես նաև տարածաշրջանային և ընդհանուր պլենար նիստերին:

Հանդիպումներ և առանձնազրույցներ են կայացել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի և Ռուսաստանի Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Զարինա Դոգուզովայի հետ, որոնց ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության խորացման հարցերը, ինչպես նաև վերջիններիս գլխավորած պատվիրակությունների Հայաստան պաշտոնական այցերի մանրամասները։

Գլխավոր ասամբլեայից հետո, սեպտեմբերի 14-ից 15-ը՝ Մոսկվայում, պատվիրակությունը մասնակցել է «Համաշխարհային քաղաքներում զբոսաշրջության զարգացման ռազմավարություններ» խորագրով համաժողովին։

Տեղի են ունեցել նաև հանդիպումներ ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ կազմակերպելու մի շարք մարքեթինգային միջոցառումներ, որոնք կնպաստեն Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։

ՄԱԿ ԶՀԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջաններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ և հանդիսանում են կառույցի գլխավոր միջոցառումը։ ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպությանը Հայաստանն անդամակցում է 1997 թվականից և անդամակցության ընդացքում մասնակցել է կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի բոլոր նստաշրջաններին:

 

 


© 2009 ARMENPRESS.am