Ստեփանակերտի ավագանին Ավստրալիայի Ռայդ քաղաքը հռչակել է քույր քաղաք

18:43, 17 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին ընդունել է որոշում՝ Ավստրալիայի Ռայդ քաղաքը քույր քաղաք հռչակելու մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշման մեջ համոզմունք է հայտնվում, որ երկու քաղաքների միջև բարեկամության հաստատումն ու ընդլայնումը կնպաստեն նրանց բնակիչների միջև բարեկամական կապերի ձևվորմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության և Ավստրալիայի միջև գործընկերային հարաբերությունների հաստատմանը։

Ստեփանակերտի ավագանու որոշումը հետևել է Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից համանման բանաձևին, որը միաձայն ընդունվել է հուլիսի 23-ին` արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պաշտոնական պատվիրակության՝ Ավստրալիա կատարած աշխատանքային այցի նախօրեին։


© 2009 ARMENPRESS.am