Բալային համակարգի ներդրմամբ` վարորդական իրավունքից կարող են զրկվել վարորդների 6 տոկոսը

13:13, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը ուժի մեջ մտնելուց հետո վարորդները երթևեկելու են ավելի զգոն և օրենքի պահանջին համապատասխան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:

«Բացի այդ, օրինագծում խնդիր դրված չէ վարորդներից գումարներ հավաքագրելու կամ կորզելու: Այստեղ նախատեսված է այն, որ վարորդները պետք է երթևեկեն օրենքի պահանջին համապատասխան»,- ասաց Քեյանը:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը նշեց, որ 2017 թվականի վիճակագրության համաձայն` տրանսպորտային միջոցների 30 տոկոսը մեկ տարում ընդամենը 1 խախտում է կատարել, իսկ 6 տոկոսը բալային համակարգի պարագայում տեսականորեն կարող են կանգնել վարորդական իրավունքից զրկվելու խնդրի առջև, որովհետև տարեկան 6-ից ավելի խախտումներ են թույլ տալիս:

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել է ՀՀ կառավարությունը:

Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:


© 2009 ARMENPRESS.am