Հայաստանը մշտապես բարձրաձայնում է ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մտահոգությունները

16:08, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին Հայաստանի մտահոգությունները բարձրաձայնվել են: Սեպտեմբերի 13-ին այս մասին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցում:

«Մենք մշտապես առնչվում ենք այդ հարցին: Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում ՀԱՊԿ որոշ անդամ պետությունների ներգրավվածության մասին մեր մտահոգությունները հետևողականորեն բարձրաձայնվել են: Մեր դիրքորոշումն այն է, որ դա բացասական ազդեցություն ունի ինչպես կառույցի հեղինակությանը, այնպես էլ համագործակցության վրա: Կարող եմ վստահեցնել, որ մեր մտահոգությունները լսելի են»,- ասաց Նաղդալյանը:

© 2009 ARMENPRESS.am