ԱԳՆ խոսնակն արձագանքեց ՌԴ փոխվարչապետի հայտարարությանը` ՀԱՊԿ-ում այլ երկրի կարգավիճակի հետ կապված

13:38, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դիտորդի կամ գործընկեր երկրի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Յուրի Բորիսովի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ Ադրբեջանին կարգավիճակ տրամադրելուն:

ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքով` նախարարությունը տեսել է այդ մեկնաբանությունը դիտորդի ու գործընկեր երկրի կարգավիճակի հետ կապված և կարող է ասել, որ կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և դիտորդին, և գործընկերոջը:

«Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ: Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի միջազգային վեճերի և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Իսկ ինչ վերաբերում է գործընկերոջ կարգավիճակին, ինչպես դիտորդի կարգավիճակի պարագայում, նա նույնպես պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ, չունենա հակամարտություններ այլ պետությունների կամ պետության հետ և չունենա տարածքային վեճեր հարևանների հետ»,- ընդգծեց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ կա կանոնադրություն, կան հստակ ամրագրված դրույթներ և կա ՀԱՊԿ սկզբունքը, որ որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, ուստի առանց Հայաստանի համաձայնության ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին:


© 2009 ARMENPRESS.am