ԱԺ-ն վավերացրեց Ավիացիոն միջազգային բյուրո ստեղծելու մասին համաձայնագիրը

10:38, 13 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: «Արմենպրես»- փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 104 կողմ, 1 դեմ ձայն:

Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:Նա, մասնավորապես նշել էր, որ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ, մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված չափանիշների: «Հաշվի առնելով ՀՀ-ում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը, նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը»,-նշել էր փոխնախարարը:

 

 


© 2009 ARMENPRESS.am