Պոլսո պատրիարքական ընտրությունների Նախաձեռնող մարմինն արագացնելու է նախապատրաստական աշխատանքները

18:05, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների համակարգմամբ զբաղվող Նախաձեռնող մարմնի հերթական նիստում որոշվել է արագացնել ընտրությունների հետ կապված նախապատրաստական աշխատանքները, քանի որ կանոնադրությունը կարող է շուտով ուղարկվել պատրիարքարան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթը:

Նախաձեռնող մարմինը ընտրությունների կազմակերպման գործում համագործակցում է Ստամբուլի հայկական հիմնարկների հետ: Մարմինը հրապարակել է, որ իրենց գլխավոր նպատակը արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելն է:

2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հուլիսի 4-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Իսկ հուլիսի 17-ին պատրիարքարանում տեղի ունեցած նիստի ժամանակ կազմավորվել է Նախաձեռնող մարմինը, որը համակարգելու է պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացը: Նախաձեռնող մարմինը պատրիարքական ընտրությունները դեկտեմբերի 11-ին անցկացնելու համար դիմել էր Ստամբուլի նահանգապետարան:

 


© 2009 ARMENPRESS.am