ԱԺ-ն քննարկում է ՀԱՊԿ ղեկավար մարմնում վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը

12:43, 10 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու և «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքների նախագծերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ՀԱՊԿ խորհրդի կազմի մեջ մտնել այն երկրների կառավարությունների ղեկավարներին, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:

«Մի դեպքում փոփոխություն է կատարվում պայմանագրում, մյուս անգամ` կանոնադրությունում: Նպատակը միակն է` քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն՝համաձայն որի կարող է լինել նաև վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է վավերացնել ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ ավելացնելու վերաբերյալ արձանագրությունը:


© 2009 ARMENPRESS.am