Սիրիացի 12-ամյա աղջնակը շնորհակալական բացիկ է պատրաստել հումանիտար առաքելության խմբի բժշկուհու համար
13:17, 9 Սեպտեմբեր, 2019ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի 12-ամյա Ռուան Ջսրին շնորհակալական բացիկ է պատրաստել Սիրիայում հումանիտար առաքելության խմբի բժշկուհի Սաթենիկ Մինասյանի համար. բացիկի վրա իրեն ու բժշկուհուն է նկարել՝ բարեկամական հուշ վերնագրելով:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, սիրիացի աղջնակը գրել է, որ իրեն բուժող հոգատար հայ մասնագետին տեսնելուց հետո ցանկանում է մանկաբույժի մասնագիտությունն ընտրել:
Ռուանը մոր հետ պարբերաբար այցելում է Հալեպի Դարմանատուն, որպեսզի հումանիտար առաքելություն իրականացնող բժշկուհին զննի իրեն և համապատասխան բուժում նշանակի: Բժշկուհի Մինասյանի փոխանցմամբ՝ աղջկա առողջական վիճակն այժմ անհամեմատ լավ է, շուտով ամբողջությամբ կապաքինվի: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներն օգնություն են ցուցաբերել արդեն հարյուրավոր երեխաների: Մեր մասնագետները սիրիացի փոքրիկների լավ բարեկամներն են դարձել:
© 2009 ARMENPRESS.am