Նոր հնարավորություն ճարտարապետների համար. մեկնարկել է «ProfEye Challenge» նախագիծը

14:20, 6 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց Երևան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված նոր՝ «ProfEye Challenge» նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ProfEye Challenge»-ը դիզայներների, ճարտարապետների և ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ կլինի, որը հնարավորություն կընձեռի կյանքի կոչել նրանց բոլոր մտահաղացումները:

Ծրագրի շրջանակում, որպես առաջին մարտահրավեր, նախագծեր կմշակվեն և կառաջարկվեն պատմություն ունեցող Երևանի մամուլի շենքի արտաքին տեսքի վերականգնման համար:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշեց, որ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար իրենք մեծ տեղ են տալիս մասնավորին:

«ՀՀ կառավարությունը ստեղծել է բոլոր հնարավորություններն՝ մասնավորի առավելագույն ներգրավվածություն ունենալու համար:  Այս ծրագրի շնորհիվ շատ ճարտարապետներ կկարողանան ցույց տալ իրենց պոտենցիալը և կարծում եմ, որ ապագայում Մամուլի շենքը կտեսնենք ավելի գրավիչ, հետաքրքիր և արդիական»,- ասաց Վերմիշյանը:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը հույս հայտնեց, որ այս ծրագիրը շարունակական կլինի:

Ծրագրի հեղինակ «Պրոֆ Ալ» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Էդգար Ավետիսյանի խոսքով՝ ընտրվել է հենց Մամուլի շենքը շենքը, քանի որ այն լայն հնարավորություններ է տալիս աշխատելու համար, քանի որ բարձրահարկ է:
«Նախագիծն իրականացվելու է այն շենքերի վրա, որոնք վերականգնման կարիք ունեն և կարծում եմ սա մեծ մարտահրավեր է: Մեր նախագծի գերնպատակն է՝ հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել պատմամշակութային շենքերի վրա, որոնք վերակառուցման կարիք ունեն»,- նշեց Ավետիսյանը:
«ProfEye Challenge»-ի շրջանակում ճարտարապետներն իրենց նախագծերը կարող են ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 28-ը:

Հոկտեմբերի 1-7-ը լինելու է քվեարկություն, սահմանված է 3 հորիզոնական և երկու անվանակարգ: Անվանակարգերից մեկում հաղթող կճանաչվի այն ճարտարապետը, ում նախագծին հավանություն կտա  Քաղաքաշինության պետական կոմիտեն, մյուս անվանակարգի հաղթողին կընտրեն ԶԼՄ-ները: Յուրաքանչյուր լրատվական գործակալություն կունենա մեկ ձայնի հնարավորություն:

Ծրագիրն իրականացվելու ողջ Հայաստանում և միայն Երևանով չի սահմանափակվելու:

Նախագծերի համար ֆինանսական չափ չի սահմանվել, չկան նաև ներդրողների, սակայն ապագայում հնարավոր է, որպես ներդրող ընդգրկվի նաև Կառավարությունը:

Նախագծերը կցուցադրվեն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:


© 2009 ARMENPRESS.am