Մասիս Մայիլյանն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

18:10, 5 Սեպտեմբեր, 2019
ՍՏՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության նոր ուղղությունները։

Մասիս Մայիլյանը ողջունել է ՀԲԸՄ ակտիվ մասնակցությունը Արցախում տարբեր զարգացման ծրագրերի գործում։  ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը՝ ուղղված արտերկրում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանն ու հանրապետության շահերի առաջմղմանը։ Նա վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու հանրապետությունում ՀԲԸՄ կողմից ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

© 2009 ARMENPRESS.am