Հայաստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր

14:57, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում 2019 թվականի սեպտեմբերի 7-8-ը ՀՀ-ում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 7-ին և 8-ին, ժամը 19:00-ին տեղի կունենան Պեկինի օպերայի համերգները:

Համերգային ծրագրում ընդգրկված են «Երկնային լեդին ծաղիկներ է սփռում», «Ճամփաբաժնին», «Աշնանային գետ», «Կայսեր հրաժեշտը սիրեցյալ կնոջը» ստեղծագործությունները:

Պաշտոնական բացման խոսքով հանդես կգա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:

«Հայաստանում Չինաստանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում նախատեսված է Չինաստանի պատվիրակության այցը Հայաստանի Ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան:

 


© 2009 ARMENPRESS.am