Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 28-ամյակի առթիվ

12:52, 5 Սեպտեմբեր, 2019
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 28-ամյակի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ այդ պատմական իրադարձությունը նպաստել է Խորհրդային Միության անկմանը՝ այսպիսով մասնակցելով ժողովրդավարության զարթոնքին Հարավային Կովկասում:

«Խորհրդային Միության կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացումը Ադրբեջանին զուրկ էր որևէ պատմական հիմնավորումից:  Ժողովրդավարության այն աննախադեպ շարժումը, որի արդյունքում արցախցիները քվեարկեցին Հայաստանի հետ վերամիավորման և, ապա՝ իրենց անկախության օգտին շատ նման է զուգահեռաբար ընթացող այն իրադարձություններին, որոնք տարան դեպի Գերմանիայի վերամիավորումը»,- նշել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:

Շրջանակի անդամները հիշեցնում են, որ Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման գործնթացը չհասավ իր ավարտին՝ որը հնարավորություն կտար կնքել խաղաղության արդարացի և վերջնական պայմանագիր:

Ուղերձում ընդգծվում է, որ Արցախի անկախության ճանաչումը չի կարող լինել բանակցությունների առարկա: Այնտեղ նշվում է նաև, որ այդ անկախությունը ազատել է Արցախի բնակչությանը ոչ միայն ադրբեջանական բռնապետության ճնշումից, այլ նաև նրան սպառնացող բնաջնջման վտանգից:

«Արցախի անկախությունն այսօր փաստացի իրականություն է: Այս իրականության դեմ տարվող ցանկացած քաղաքականություն ստերջ է և անհեռանկարային: Եթե Ֆրանսիան ցանկանում է Հարավային Կովկասում լսելի լինելու հեռանկար ունենալ, ապա պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, ինչը համահունչ կլինի թե իրականությանը, և թե իրատեսությանը»,- ընդգծել է Գի Տեսիեն:

© 2009 ARMENPRESS.am