Աշտարակում կկայանա «Ոսկեհատ» գինու փառատոնը բաց երկնքի տակ

12:15, 5 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, սեպտեմբերի 7-ին իրականացնելու է «Ոսկեհատ» գինու փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն տեղի է ունենալու Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:

Փառատոնի նպատակն է նպաստել գինու մշակույթի տարածմանը, ճանաչելի դարձնել մարզը` որպես գինեգործական տարածաշրջան:

«Ոսկեհատ» գինու փառատոնը հիանալի միջոց է հիշեցնելու մեզ և աշխարհին այն դերի և նշանակության մասին, որն ունեցել են հայերը համաշխարհային գինեգործության զարգացման մեջ»,- ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Նրա խոսքով՝ լավագույն գինեգործական ընկերությունները գտնվում են հենց Արագածոտնի մարզում, և փառատոնին մասնակցելու է ավելի քան 25 ընկերություն:

Փառատոնը հագեցած է լինելու ոչ միայն հայկական գինիների բազմազանությամբ, այլև հարուստ մշակութային ծրագրով` հայկական էթնիկ երգ, երաժշտություն ու պար, հայկական հնագույն արվեստների վարպետության դասեր, ձեռագործ իրերի վաճառք, խաղ-մրցույթ, տնայնագործ գինեգործների պարգևատրում և այլն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ընդգծեց, որ նման փառատոնները շատ կարևոր են Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար:

«Արագածոտնում կա յուրահատուկ խաղողի տեսակ, որը կոչվում է «Ոսկեհատ», և հիմա կունենանք նաև նույն անվամբ փառատոն: Քաղաքին մոտ լինելը հնարավորություն կտա ավելի շատ մարդ ներգրավել փառատոնին»,- ասաց Սաֆարյանը:

Փառատոնի մեկնարկը տրվելու է ժամը 17:00-ին, իսկ պաշտոնական բացումը՝ 18:00-ին: «Ոսկեհատ»-ի գործընկերներն են` ՀՀ զբոսաշրջության կոմիտեն, ՀՀ Արագածոտնի մարզպետարանը, Աշտարակի քաղաքապետարանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am