Էրդողանը «դավաճան» է անվանել ԱԶԿ-ից հեռացած գործիչներին

16:48, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում շարունակվում են հրաժարականները, կուսակցությունից հեռացող քաղաքական գործիչների թիվը գնալով ավելանում է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Deutsche Welle» լրատվամիջոցը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցությունը լքած գործիչներին, ինչպես նաև Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանին «դավաճան» է անվանել:

Ըստ տեղեկատվության՝ Էրդողանը ԱԶԿ-ի հետ նույնացվող և առանցքային համարվող գործիչների՝ կուսակցությունից հեռանալը կանխելու համար, նրանց նշանակել է Թուրքիայի նախագահի բարձրագույն խորհրդակցական խորհրդի անդամներ: Այդ գործիչներից են Բյուլենտ Արընչը, Ջեմիլ Չիչեքը, Մեհմեթ Ալի Շահինը և ուրիշներ:

Ըստ թուրքական մամուլում տարածված տեղեկությունների՝ Ահմեթ Դավութօղլուն մասնակցում է նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի և Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից ստեղծվող նոր կուսակցության աշխատանքներին:

 

 


© 2009 ARMENPRESS.am