Հրդեհների դեպքերից մի քանիսը դիտավորության արդյունք են. Ֆելիքս Ցոլակյան

14:43, 4 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ապացուցված է, որ ամռանը տեղի ունեցած մեծ թվով հրդեհներից մի քանի դեպք եղել է դիտավորության արդյունք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ամռանը տեղի ունեցած այդքան մեծ թվով հրդեհներն ինչի արդյունք են:

«Ընդհանրապես դա կապում եմ մարդկային գործոնի հետ, 90 տոկոսից ավելին մարդկային գործոնն է: Ունենք նաև դեպքեր, որոնք, ապացուցված է, որ այրել են դիտավորյալ: Երեք դեպքով հիմա դատախազությունում քրեական գործեր կան»,-ասաց Ցոլակյանն ու նշեց, որ երեք դեպքերը խոշոր չեն եղել, եղել են համեմատաբար փոքր դեպքեր:

Նախարարը  չկարողացավ ասել, թե դրդապատճառները որոնք են եղել, դա պետք է պարզի քննության ընթացքում: Ցոլակյանը նշեց՝ հրդեհների համար բացի մարդածինից եղել են նաև այլ պատճառներ, օրինակ՝ կայծակը:

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի զբոսայգում օգոստոսին բռնկված հրդեհի դեպքին՝ Ցոլակյանը նշեց՝դիտավորություն չի տեսել, անզգուշության արդյունք է:


© 2009 ARMENPRESS.am