Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին

14:39, 3 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 12-ին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:

«Դատական նիստը տեղի է ունենալու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ժամը 13:00-ին»,- ասաց Խաչատրյանը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 


© 2009 ARMENPRESS.am