Հայրենադարձությունն առանցքային դերում. կնքվել է համագործակցություն նոր հուշագիր

12:46, 3 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջև սեպտեմբերի 3-ին կնքվեց համագործակցության հուշագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, այն ստորագրեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Կողմերը մեկ անգամ ևս շեշտեցին պետական քաղաքականության մեջ հայրենադարձության առանցքային դերը՝ կարևորելով հայրենադարձության և սփյուռքի ներգրավվածությունն ապահովող գործընթացների զարգացումը և հայրենադարձների խնդիրների ուսումնասիրությունն ու հետազոտությունը: Այս համագործակցության հուշագիրը նախատեսում է համատեղ աշխատանք հայրենադարձության ռազմավարության նոր գործընթացի ձևավորման և կենսագործման ուղղությամբ, ինչպես նաև ինտեգրման ծրագրերի համատեղ իրականացման, միասնական հետևողական ուսումնասիրության կատարման, «Imagine Armenia» ֆորումների կազմակերպման, գրասենյակի «ՆերՈւժ» և հիմնադրամի Repat Start Up Mentorship ծրագրերի շրջանակներում:


© 2009 ARMENPRESS.am