Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

21:50, 30 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Դատարանը գտավ, որ ձերբակալումը ոչ իրավաչափ էր, բայց գտավ, որ կալանավորելու հիմքերը բավարար են»,- ասաց Սարգսյանը:

Պաշտպանը նշեց, որ իրենք բողոքարկելու են այս որոշումը:

Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրա եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են օգոստոսի 27-ի երեկոյան:

Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:


© 2009 ARMENPRESS.am