Ադրբեջանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը. Զոհրաբ Մնացականյան

10:53, 27 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:

«Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները, և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը, և, ըստ այդմ, չեն նպաստում հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը: Խաղաղությունն այլընտրանք չունի, և ՀՀ-ն ու Արցախն ունեն բավարար ուժ՝ խաղաղության ապահովման համար»,- նշեց Մնացականյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am